Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Երկրորդ հայկական պետությո՞ւն, թե՞ միացում

Երկրորդ հայկական պետությո՞ւն, թե՞ միացում
15.11.2016 | 00:33

Նոյեմբերի 11-18-ին ադրբեջանական բանակը անցկացնում է զորավարժություններ, և Իլհամ Ալիևը զինվորական համազգեստով հարկ է համարել Ֆիզուլիի շրջան գնալ ու խրախուսել իր բանակի զինվորներին: «Եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, իրենց սպասում են բազմաթիվ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով: Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»,- իր ու առաջնագծի զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու համար ասել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը նորից երազների գիրկն է ընկել. «Մենք մեր հողի վրա ենք, սա Ադրբեջանն է: Լելե Թեփեն նույնպես Ադրբեջան է, Շուշին նույնպես Ադրբեջան է, Խանքենդին նույնպես Ադրբեջան է: Մենք չենք հավակնում ոչ մեկի հողին, սակայն մեր հողերի վրա մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»: Նրա համար քառօրյա պատերազմը «Ադրբեջանի հերթական պատմական հաղթանակն էր»: Չքննարկենք՝ հերթականն էլ, հաղթանակն էլ, պատմականն էլ: ՈՒզում է՝ թող երազի: Խնդիրը Ալիևը չէ: Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ նա երազող է:


Խնդիրը մենք ենք: Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ փոխվեց մեր արտաքին քաղաքականության մեջ. ազգային անվտանգության ապահովման իրական ընկալում ձևավորվե՞ց, բանակում կատարված փոփոխությունները պաշտոնանկություններ ու նոր նշանակումնե՞ր էին, թե՞ իրավիճակ փոխող: Եթե Ալիևը նորից ռազմական ագրեսիա սկսի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հեռախոսելո՞ւ են ՀՀ ԱԳ նախարարի հետ ու սպասեն իրադարձությունների ընթացքի՞ն՝ առավելագույնը կողմերին զսպության կոչող անդեմ ու հերթապահ հայտարարություն անելով: Օլանդը, Օբաման ագրեսորին ագրեսոր անվանելո՞ւ են՝ դրանից բխող պատժամիջոցներով, թե՞ սպասելու են ինչ կլինի ու արտոնելու են Պուտինին հաշտարար նախաձեռնությամբ պատերազմ դադարեցնելը: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերահաստատում է վճռական աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և բարձր է գնահատում նրանց փոխգործակցությունը կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով: Դեսպանը կոչ է արել կողմերին աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնմանը, ինչպես համաձայնեցվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում և հույս է հայտնել, որ ընդլայնումը կարտահայտվի 2017-ի ԵԱՀԿ բյուջեում: Դեսպանը կոչ է արել կողմերին աշխատել հետաքննությունների մեխանիզմի ստեղծման առաջարկի ուղղությամբ: Սա ևս հերթապահ հայտարարություն է՝ մինչև հունվարի 20-ը, երբ Դոնալդ Թրամփը կմտնի Սպիտակ տուն:


Ալիևի զորավարժություններին ու հայտարարություններին, շփման գծում հրադադարի խախտումներին հաջորդող որևէ պաշտոնական հայտարարություն չեղավ՝ ԼՂՀ ԱԳՆ-ից բացի, իսկ դա նրան ձեռքերի ազատություն է տալիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ մինչ Ստեփանակերտում նոր Սահմանադրությունն են քննարկում, պատերազմի վտանգի առաջ անպատասխան է մնում երկու հարց՝ ի՞նչ եղավ ԼՂՀ-ի հետ ՀՀ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիրը, կճանաչի՞ Հայաստանը ԼՂՀ-ն, թե՞ ճիշտը հայկական երկու պետությունների միացումն է: Եթե Ադրբեջանը պատերազմ է սկսում Ղարաբաղի հետ, միևնույն է, պատերազմ է Հայաստանի դեմ: «Իսկանդերները» կկրակե՞ն:

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ